«Երբ բանակցություններ սկսվեն Ռուսաստանի առաջնությանը հայկական ակումբի մասնակցության մասին, ես ինքս կհայտարարեմ այդ մասին»,- սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ես այսօր եմ վերադարձել Կիպրոսից, որտեղ մասնակցել եմ ՈՒԵՖԱ գործկոմի նիստին: Միշել Պլատինին նիստի ժամանակ հանուն ֆուտբոլի զարգացման առաջարկել է փոքր երկրների բոլոր ասոցիացիաներին մասնակցել այլ երկրների առաջնություններին, բայց դա առայժմ նախագիծ է»,- ասել է նա:
Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի հավաքականի խնդիրն է դուրս գալ 2012-ի ԵԱ եզրափակիչ փուլ. «Հիմա մենք այնպիսի հավաքական ունենք, որը դաշտ է դուրս գալիս հանուն հաղթանակի, ֆուտբոլիստներն ամեն ինչ անում են իրենց հնարավորությունների սահմաններում: Մնացած երկու խաղերում թիմը կփորձի հաղթել և դուրս գալ ԵԱ: Իմ երազանքն է մեր հավաքականը տեսնել Ուկրաինայում և Լեհաստանում»,- ասել է ՀՖՖ նախագահը և հավելել, որ հավաքականը երիտասարդ է և առաջիկա 6 տարիներին ցուցադրելու է կայուն խաղ: «Մենք առաջընթացի մեծ քայլ ենք կատարել»,- ասել է նա:
Հայրապետյանի խոսքով, Հայաստան-Մակեդոնիա խաղի ոչ բոլոր տոմսերն են գնված, և ֆուտբոլի սիրահարները հնարավորություն ունեն ձեռք բերել 2000 տոմս: Նա նաև նշել է, որ հավաքականի ֆուտբոլիստներին չի հետաքրքրում պարգևատրումը, և նրանք խաղում են հանուն իրենց երկրի. «Խաղացողների համար ամենաարժեքավորը ժողովրդի սերն է և ճանաչումը: Նրանք կստանան իրենց պարգևատրումը, և այդ ժամանակ բոլորը կիմանան այդ գումարի մասին»: