Այսօր կայացավ ռուսական «Яндекс» ընկերության «Яндекс.Новости» ծառայության սեմինարը ծառայության աշխատանքի մասին։ Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» և «Яндекс»-ի համագործակցության շրջանակում։
Սեմինարի ընթացքում «Яндекс.Новости»-ի` գործընկերների հետ աշխատանքի ծառայության ղեկավար Տատյանա Իսաևան և «Яндекс.Новости» ծառայության ղեկավար Լև Գերշենզոնը պատմեցին, թե ինչ ալգորիթմերով է աշխատում ծառայությունը և որոնք են ծառայության պլանները կապված Հայաստանի հետ։
Ըստ Տատյանա Իսաևայի, ընթերցողի համար միևնույն է, թե արդյոք լրատվական կայքը հանդիսանում է տրված ինֆորմացիայի առաջին տարածողը։ «Яндекс.Новости»-ի համար կարևոր է, որ տեղեկությունները լինեն ինֆորմատիվ, սկզբաղբյուրներից վերցված, թարմ, հղում ունենան և լինեն հավաստի։
Տատյանա Իսաևայի խոսքով` քանի որ ծառայությունն աշխատում է ալգորիթմերով, ալգորիթմը կարող է հավաստի համարել այն կայքի տարածած տեղեկությունը, որին մի քանի անգամ հղում են կատարել այլ կայքերը։ Ըստ նրա` հայկական լրատվամիջոցները միմյանց շատ հազվադեպ են հղում կատարում կամ էլ հղում են թաքնված կերպով` վերատպագրելով։
«Яндекс»-ի գլխավոր էջի վերևի մասում միշտ հայտնվում են այդ պահին վերջին 5 գլխավոր սյուժեները։ Լև Գերշենզոնն ասաց, որ դրանք ալգորիթմն ընտրում է մի քանի սկզբունքներով։ «Նախ և առաջ ալգորիթմը հաշվի է առնում ընթերցողի գտնվելու տարածաշրջանը։ Ապա կարևորում է գրագետ գրված նորությունը, ապա այդ պահի դրությամբ արդիականությունը, հաշվի է առնում նաև կարդացվածությունը և աղբյուրի կշիռը»,- նշեց նա։
Ըստ Տատյանա Իսաևայի, հաճախ այնպիսի վերնագրեր են հանդիպում, որոնք այլաբանական են և առաջին անգամ կարդալիս ընթերցողը չի կարող ընկալել` ինչի մասին է լինելու նյութը։ Տատյանա Իսաևայի խոսքով` «Яндекс.Новости»-ի ալգորիթմը առաջնային է համարում ցույց տալ այն վերնագրերը, որոնցում ավելի շատ են փաստերը։