23 սեպտեմբերի 2011 - 19:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Яндекс.Новости»-ում Հայաստանից ամսական 35 000 անգամ որոնում են կատարում

Սեպտեմբերի 22-ին ռուսական «Яндекс» ընկերության «Яндекс.Новости» ծառայության մասին կայացած սեմինարի ժամանակ «Яндекс.Новости»-ի` գործընկերների հետ աշխատանքի ծառայության ղեկավար Տատյանա Իսաևան և «Яндекс.Новости» ծառայության ղեկավար Լև Գերշենզոնը խոսեցին «Яндекс.Новости»-ի հայկական լսարանի մասին և ծառայության` Հայաստանի հետ կապված ապագա ծրագրերի մասին։

Ըստ նրանց ներկայացրած վիճակագրության, «Яндекс.Новости»-ում Հայաստանից ամսական կատարվում է 35 000 որոնում, 7000 ընթերցող կարդում է նորությունները «Яндекс.Новости»-ում հղվող կայքից և 13 000 ընթերցող տեղեկանում է նորություններին հենց Яндекс-ից։ Իսկ ըստ լրատվամիջոցների, «Яндекс.Новости»-ն ունի Հայաստանից 25 գործընկեր, որոնք օրական 800 թարմացում են կատարում։

Վերջերս «Яндекс.Новости»-ն թողարկեց իր թուրքերեն լեզվով տարբերակը։ Լև Գերշենզոնի խոսքով` «Яндекс.Новости»-ն ունեցել է փորձնական ուկրաիներեն տարբերակներ, իսկ հայերեն տարբերակը, միգուցե, հետագայում ստեղծեն։ «Մենք ԱՊՀ-ն համարում ենք մոտ շրջան մեզ համար և այդ ամենը հաշվի կառնենք։ Եթե նկատել եք, մեր համակարգը հասկանում է հայերենի ձևաբանությունը և հայատառ որոնումներն ընդունվում են, սակայն ամբողջապես «Яндекс.Новости»-ի հայերեն հրատարակում չունենք»,- նշեց նա։

Տատյանա Իսաևան, խոսելով հայկական լրատվամիջոցների` միմյանց հղում տալու մասին, նշեց, որ երբ վերջիններս հղումներ քիչ են տալիս միմյանց, այդ կերպ բովանդակությունը ալգորիթմի համար միանման է և ոչ բազմազան։ Ըստ նրա` եթե յուրաքանչյուր լրատվամիջոց բազմազանություն մտցնի` իր սեփական բովանդակությունն ունենալով, ապա հետաքրքիր լինելու և ընթերցողներ հավաքելու շանսերն ավելի մեծ կլինեն «Яндекс.Новости»-ում։

Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» և «Яндекс»-ի համագործակցության շրջանակում։

ՖՈՏՈՇԱՐՔ