26 սեպտեմբերի 2011 - 18:15 AMT
Աբխազիայում կայացել է նոր նախագահի երդմնակալության արարողությունը

Աբխազիայի մայրաքաղաքում կայացել է հանրապետության նոր նախագահ Ալեքսանդր Անկվաբի երդմնակալության արարողությունը, որի ժամանակ նա կատարել է երդումը և ստացել նախագահական իշխանության ատրիբուտները` կնիքն ու նախագահական շտանդարտը, հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով «Ապսնիպրեսս»-ին:

Աբխազական կողմը երդմնակալության արարողությանը մեծ քանակությամբ հյուրեր չէր հրավիրել (ինչպես նշում է գործակալությունը, դա կապված է նրա հետ, որ Աբխազիայի նոր նախագահն ընտրվել է հանրապետության նախկին ղեկավարի` Սերգեյ Բագապշի 2011թ. մայիսին մահից հետո):

Աբխազիայում օգոստոսի 26-ին կայացան վաղաժամկետ նախագահական ընտրություններ, որոնց մասնակցել է երեք թեկնածու` Աբխազիայի ներկա նախագահ Ալեքսանդր Անկվբավը, որը Սերգեյ Բագապշի մահվանից հետո ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները, վարչապետ Սերգեյ Շամբան, «Ազգային միասնության ֆորում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ռաուլ Հաջիմբան: Ընտրություններում հաղթանակ տարավ Ալեքսանդր Անկվաբը, որը առաջին փուլում հավաքեց ձայների 54,9 տոկոսը: