
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Սիդնեյի (Ավստրալիա) Համազգային «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել նրանց։ Համազգայինի 10-րդ և 11-րդ դասարանների 35 սաները հայրենիք են այցելել ճեմարանի 25-ամյակի առիթով:
Վեհափառ Հայրապետը ողջունելի և գովելի է անվանել այլևս ձևավորված այն ավանդույթը, որ դպրոցի սաներն այցելում են Հայաստան: «Վստահ եմ, որ ձեր այս այցելությունն իր դրոշմը պիտի թողնի ձեր հոգիներում և դուք, առավել զորացած հայկական զգացումների մեջ, հպարտ ձեր ազգային ինքնությամբ` պիտի վերադառնաք առավել նախանձախնդրորեն ձեր ուսումը շարունակելու, արժեքավոր զավակներ լինելու և ձեր կարևոր մասնակցությունը բերելու հայ կյանքի առաջընթացին», - իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել նաև Համազգային ճեմարանի մանկավարժներին և տնօրինությանը, ովքեր նախանձախնդիր են, որ իրենց զավակները կրթվեն հայի ոգով և ազգային գիտակցությամբ: