
Պաղեստինին «ժողովրդավարական գործընկերոջ» կարգավիճակի շնորհումը հնարավորություն կտա երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում:
«Վաղը մենք կքննարկենք Պաղեստինի հետ համագործակցության ամրապնդման հարցը, ինչն անկասկած դրական ազդեցություն կունենա երկկողմանի հարաբերությունների վրա»,- հայտարարել է նա` միաժամանակ կարևորելով Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի առաջիկա ելույթը:
Չավուշօղլուն նշել է, որ մարդկության իրավունքների համար ամենամեծ սպառնալիքը շարունակում է մնալ ահաբեկչությունը և դա պետք է «գնահատել որպես մարդկության դեմ հանցագործություն»:
Հոկտեմբերի 3-ին աշխատանքն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում քննարկվելու են Եվրոպայի խորհրդի համագործակցության, արաբական աշխարհում ծագող ժողովրդավարության, մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև միգրացիայի հարցերը:
Հոկտեմբերի 3-ին վեհաժողովի բյուրոյում և մշտական հանձնաժողովում քննարկվելու են Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հետևելու արդյունքները:
Հոկտեմբերի 6-ին Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ելույթ է ունենալու ԵԽԽՎ-ում, իսկ հոկտեմբերի 7-ին խորհրդարանականները քննարկելու են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը: