13 սեպտեմբերի 2000 - 22:09 AMT
ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ ՀԵՏ
13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«ԱՄՆ-ի հայկական լոբբին մեծ հնարավորություններ ունի, եւ Թուրքիային շատ դժվար կլինի դիմակայել նրան»:
Այս մասին այսօր «Turkish Daily News» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրք-Հայկական Գործարար Խորհրդի նախագահ Քայան Սոյակը` մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսում հինգշաբթի օրը կայանալիք 1915 թ-ի Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը:
Սոյակը հայտարարել է, որ իր կարծիքով, թուրքական իշխանությունները հայկական լոբբիի ներկայացուցիչներին եւ իրենց հայ գործընկերներին դիմակայելու փոխարեն պետք է բանակցություններ սկսեն նրանց հետ: Նա նշել է, որ նման երկխոսություն սկսելու դեպքում, կողմերին կհաջողվի գտնել փոխզիջումային որոշումներ:
Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը հայտարարել է «Turkish Daily News»-ին, որ «եթե հայերը ձգտում են բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, նրանք պետք է դադարեցնեն այսպես կոչված ցեղասպանության ճանաչման արշավը եւ ազատագրեն գրավված ադրբեջանական տարածքները»: Աղբյուրը նշել է, որ Թուրքիայի այս երկու պայմանները մնում են անփոփոխ: --0--