Անկարան փորձելու է հասնել Սիրիայի դեմ պատժամիջոցների ընդունմանը, անգամ չնայած նրան, որ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի խոսքով` վետոն չի կանգնեցնի Թուրքիային և մյուս երկրներին, այդ թվում ԵՄ-ին, որոնք ձգտում են պատժամիջոցներ սահմանել Դամասկոսի նկատմամբ»: Անկարան արդեն ինքնուրույն էմբարգո է ներմուծել Սիրիա զենքի մատակարարման վրա:
Բացի դրանից, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, որի մասին ինքը կհայտարարի այս շաբաթվա ավարտին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են վետոյի իրավունքից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայի դեմ բանաձևի ընդունումը, որը պատժամիջոցներ է նախատեսում այդ երկրում իշխանության կողմից ընդդիմության հանդեպ ճնշումները շարունակելու դեպքում: Նախագիծը պատրաստել էին Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան: Բանաձևի օգտին քվեարկել է ինը երկիր, երկուսը դեմ են քվեարկել, չորսը ձեռնպահ են մնացել քվեարկությունից: