Մահացել է Apple ընկերության հիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն 56-ամյա Սթիվ Ջոբսը։ Նա տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
«Այսօր ողջ աշխարհը կորցրեց հանճարի, յուրօրինակ և հիանալի անձնավորության։ Բոլոր նրանց, ում բախտ է վիճակվել ճանաչել և աշխատել Սթիվ Ջոբսի հետ, կորցրել են լավ ընկերոջ։ Սթիվ Ջոբսը թողել է մի ընկերություն, որը կարող էր ստեղծել միայն այնպիսի մարդ, ինչպիսին ինքն էր։ Նրա հոգին միշտ կղեկավարի մեր գործողություները»,- ասվում է Apple ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Սթիվ Ջոբսը հիմնադրել է Apple ընկերությունը 1976-ին Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնոմի հետ։ 1985-ին նա դուրս է եկել ընկերությունից ղեկավարության հետ հակասությունների պատճառով։ 1986-ին նա հիմնում է հանրահայտ Pixar անիմացիոն ստուդիան, որի ակցիաների 50%-ը հետագայում գնում է Walt Disney ընկերությունը և այդպես Սթիվ Ջոբսը դառնում է նաև Walt Disney-ի բաժնետոմսերի 7%-ի բաժնետեր։
1997-ին Սթիվ Ջոբսը վերադառնում է Apple ընկերություն և 2000-ին նշանակվում գլխավոր տնօրեն։
2011-ին Սթիվ Ջոբսը երկարաժամկետ արձակուրդից հետո հեռացավ Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից քաղցկեղով տառապելու պատճառով։ Apple-ը և ինքը` Ջոբսը չհայտնեցին նրա` պաշտոնից հեռանալու պատճառների մասին, սակայն լրագրողները և բլոգերները պատճառը համարեցին նրա հիվանդությունը` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որով Սթիվը տառապում էր 2003-ից։ Ըստ լուրերի` նա երկար ժամանակ բուժվում էր քաղցկեղից, դա էր պատճառը երկարաժամկետ արձակուրդի։ Նորանշանակ գլխավոր տնօրեն դարձավ Թիմ Քուքը։
Հեռանալով գլխավոր տնօրենի պաշտոնից` նա գրել էր. «Ես միշտ ասել եմ, որ եթե գա այն օրը, երբ ես չկարողանամ իմ պարտականությունները կատարել և գլխավոր տնօրենի որակական սպասումները չապահովեմ, ես առաջինը կհայտնեմ այդ մասին։ Ցավոք, այդ օրը եկել է»։
2008-ին Սթիվ Ջոբսը զգալի քաշ էր կորցրել, իսկ 2009-ին հայտնի դարձավ, որ Սթիվը ծանր վիրահատություն է տարել` լյարդի փոխպատվաստում։
Apple-ը համարվում է խոշոր ՏՏ ընկերություն համաշխարհային շուկայում` ավելի քան 300 միլիարդ դոլար շահույթով։ Apple-ը արտադրում է Mac համակարգիչներ, MacBook նոթբուքներ, iPhone հեռախոսներ, iPod մեդիա փլեյերներ, iPad պլանշետային համակարգիչներ։