Հոկտեմբերի 6-8 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում անց է կացվում «Էպիլեպսիա և պարոկսիզմալ վիճակներ» ԱՊՀ երկրների միջազգային ֆորումը`նվիրված նշանավոր նյարդաբան, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի Կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Բադալյանի հիշատակին, որը ըստ արժանվույն պատվավոր տեղ է գրավում հայրենական և արտասահմանյան բժշկության առաջին մեծության աստղերի շարքում:
Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ առողջապահության և Ռուսաստանի Ֆեդերացիայի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունները, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայաստանի և Ռուսաստանի ազգային հակաէպիլեպտիկ լիգաները, Ն.Ի Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանը, Նյարդաբանների համառուսական միությունը:
Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն ավելի քան 300 նյարդաբաններ և հարակից այլ մասնագետներ ԱՊՀ 6 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուսիա, Ղազախստան, Մոլդովա), նաև` Լիտվայից:
Ֆորումի պլենար և սեկցիոն նիստերում քննարկվելիք հիմնական հարցերն են էպիլեպսիայի և պարակսիզմալ վիճակների` ամբողջ աշխարհում և, մասնավորապես ԱՊՀ տարածաշրջանում այս ուղղությամբ ներկա խնդիրները, որոնց շուրջ զեկուցումներով հանդես կգան և քննարկումներ կծավալեն այս ոլորտի շատ ճանաչված մասնագետներ:
Ֆորումը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ստանալ նոր և օգտակար տեղեկատվություն, հաստատել արդյունավետ կապեր, որոնք կնպաստեն նյարդաբանության հետագա զարգացման և կլինիկական պրակտիկայում ժամանակակից նվաճումների ներդրմանը:
Մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր:
Լևոն Բադալյանը ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Լևոն Բադալյանը մեծ ներդրում ունի նյարդաբանության և գործնական առողջապահության զարգացման մեջ: Եղել է ԽՍՀՄ մանկական նյարդաբանության հիմնադիրը, մանկական նյարդաբանների եվրոպական միության ֆեդերացիայի փոխպրեզիդենտ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի Կրթության ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, արտասահմանյան շատ համալսարանների և միությունների պատվավոր անդամ, «Առողջություն աշխարհին» ասոցիացիայի պրեզիդենտ.-ահա նրա գործունեության ոչ լրիվ ցանկը :
Նա մոտ 400 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից շատերն առաջնային նշանակություն ունեն, այդ թվում` 3 մենագրություն, 3 դասագիրք, 3 ձեռնարկ բժիշկների համար, 3 տեղեկագիրք, մի շարք ուսումնական ձեռնարկներ, գիտական անփոփումներ: Նրա անմիջական ղեկավարությամբ պատրաստվել է 30 դոկտոր և 200-ից ավելի գիտությունների թեկնածու: Նրա բազմաթիվ աշակերտները ղեկավարում են Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գիտական կենտրոնները և ամբիոնները:
Չնայած ծանրաբեռնվածությանը, Լևոն Բադալյանը սերտորեն կապված էր իր պատմական հայրենիքի` Հայաստանի հետ: Երևանում, իր նախաձեռնությամբ, ԽՍՀՄ –ում առաջիններից մեկը բացվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների կլինիկա: Սպիտակի երկրաշարժի առաջին իսկ օրերից նա աղետի գոտում էր ` ուղեկցելով մարդասիրական առաքելությամբ Հայաստան եկած մայր Թերեզային:
Ակադեմիկոս Լևոն Բադալյանը մահացել է 1995 թ., Մոսկվայում: