9 հոկտեմբերի 2011 - 17:50 AMT
ՀՀ ԱԳՆ և Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի համագործակցությունը շարունակվում է

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Տավիտյան հիմնադրամի» նախագահ Ասո Տավիտյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի տնօրեն Սթեֆըն Բոսվորթը, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և Տավիտյան հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամը:

Ողջունելով հյուրերին՝ Նալբանդյանը շնորհավորել է Ասո Տավիտյանին ՀՀ նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնել, որ ըստ ՀՀ ԱԳՆ և Տավիտյան հիմնադրամի ու Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների` ՀՀ ԱԳՆ 15 դիվանագետներ այժմ վերապատրաստվում են Ֆլետչերում:

Տավիտյանը շնորհակալություն է հայտնել Նալբանդյանին «Տավիտյան հիմնադրամի» աշխատանքները բարձր գնահատելու համար և հավաստիացրել, որ հիմնադրամը շարունակելու է կրթական ծրագրերը և համագործակցությունը ՀՀ ԱԳՆ հետ: