
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 6–ին ծանոթացել է Արարատի մարզում շարունակվող խաղողի մթերման գործընթացին: Նախարարը եղել է Ավշարի գինու գործարանում, Տափերականի «Ա.Կ.Զ.», «Շահումյան Վին» ՍՊԸ–ներում, «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ–ում և Այգեստան գյուղում գտնվող Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում:
Բերք հանձնող գյուղացիները նախարարի հետ զրույցի ընթացքում իրենց գոհունակությունն են հայտնել մթերումների կազմակերպվածության, սահմանված բարձր գների, վճարման գրաֆիկների պահպանման վերաբերյալ:
«Մթերման դժվարություններից հուսահատված գյուղացիները նախորդ տարիներին մտածում էին խաղողի այգիների ոչնչացման մասին: Այլ է պատկերն այսօր: Մթերումների և վճարումների նման կազմակերպվածությունը կնպաստեն, որ առաջիկայում զգալիորեն ավելանան և այգետարածքները, և արտադրված բերքի ծավալները»,-վստահեցրել են նրանք:
Դրան ի պատասխան` Սերգո Կարապետյանը կրկին հավաստիացրել է, որ աճեցված խաղողն ամբողջությամբ և գյուղացիներին ձեռնտու գնով է մթերվելու, և որ մթերման նվազագույն գինը, ինչպես և սահմանված է, մինչև վերջ մնալու է 1 կգ-ի համար 130 դրամ, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: