2015թ. ապրիլի 24-ը Թուրքիայի համար սևեռուն գաղափար է դարձել Թուրքիայի համար, նա կանի ամեն ինչ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու համար Հայոց ցեղասպանության 100-ամյակից, գտնում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի 2015թ. հունվարին, փետրվարին, մարտին տեղեկատվական դաշտը լցնի դրական զարգացումներով: Եթե ոչ ավելի շուտ, 2013-14թթ.՝ օգտվելով ընտրությունների ավարտից Հայաստանում ու Թուրքիայում»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Այդ առնչությամբ նա նշել է, որ ամեն սեպտեմբեր պատարագ կմատուցվի Աղթամարի եկեղեցում, զարգացումներ կլինեն Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու շուրջ, հավանաբար, կբացվի նաև Վան-Երևան չվերթը:
Շաքարյանը նշել է նաև, որ ամերիկացիներն այժմ մշակում են Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման նախագիծը, որն ընդունելի կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ըստ նրա, բացման պայմանը կլինի այն, որ երկաթուղին շարունակվի մինչև Նախիջևան: Իսկ նախագծի միակ խոչընդոտը Ադրբեջանի համառությունն է:
Փորձագետը նաև չի բացառել, որ Թուրքիան միակողմանի քայլով կարող է բացել Հայաստանի հետ սահմանը 2015թ. ապրիլի 24-ի շեմին, իսկ հետո կրկին փակել: