11 հոկտեմբերի 2011 - 09:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի ժամանակով 00:45-ին հայտնի կդառնա Հայաստանի հավաքականի ճակատագիրը EURO-2012-ի ճանապարհին

Այսօր` հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով 22:45-ին Դուբլինում կկայանա Հայաստանի հավաքականի վերջին խաղը 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Մրցակիցը Իռլանդիայի հավաքականն է, որի հետ 2010-ի հոկտեմբերի 3-ին հայերը բացեցին ընտրական փուլը: Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը զիջեց նվազագույն հաշվով. 76-րդ րոպեի միակ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Քեյթ Ֆեխին:

Ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը ցուցադրեց գեղեցիկ և հարձակողական խաղ, բայց չկարողացավ իրագործել գոլային պահերը:

Այդ ժամանակից ի վեր հայ ֆուտբոլիստներն անցկացրեցին 8 խաղ, տարան խոշոր հաշիվներով 5 հաղթանակ, երկու խաղերում ոչ ոքի խաղացին և միայն մեկում պարտվեցին: Հայաստանի հավաքականը B խմբում խփեց ամենաշատ գոլերը` 21, և ընդունեց 8 գնդակ: Իռլանդիային հաջողվեց խփել ընդամենը 13 գնդակ և բաց թողնել 6:

Դուբլինում կկայանա հավաքականների երկրորդ պաշտոնական հանդիպումը, որին երկու թիմերն էլ հսկայական պատասխանատվությամբ են վերաբերվում, և եթե իռլանդացիներին ձեռնտու է ոչ ոքին, ապա հայերին պետք է միայն հաղթանակ:

Հայաստանի հավաքականի համար իռլանդացիների հետ խաղն ամենաորոշիչը կլինի հայկական ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում, խաղի կարևորության մասին բազմիցս խոսել են և ֆուտբոլիստները, և հավաքականի մարզիչը: B խմբում Ռուսաստանի հավաքականը գրեթե ապահովել է իրեն առաջին տեղը, և Հայաստան-Իռլանդիա խաղում կորոշվի խմբում երկրորդ տեղը: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմն իրավունք կստանա անցումային խաղերում պայքարել EURO-2012 դուրս գալու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ