Ջերմուկում ընթացող Հայաստանի գյուղական համայնքների առաջին համաժողովի շրջանակներում «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը գյուղական համայնքներում» սեկցիայի աշխատանքի ժամանակ քննարկվել է «մեկ գյուղ՝ մեկ ապրանք» ճապոնական մոդելը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ (ՀԱԳՄ) Արսեն Ղազարյանը: Ըստ նրա, այդ մոդելը հետաքրքիր է այն տեսակետից, որ յուրաքանչյուր գյուղ կարող է ունենալ իր բրենդային ապրանքը, ինչը թույլ կտա մրցունակ լինել արտաքին շուկայում և նոր աշխատատեղեր ստեղծել՝ լուծելով զբաղվածության հարցը:
Ղազարյանը նաև ասել է, որ սեկցիայի շրջանակերում կարևորվել է նաև Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի աշխատանքն ու վարկային ռեսուրսների մատչելիության բարձրացումը: Գյուղհամայնքների զարգացման ուղղությունների թվում ՀԱԳՄ նախագահն առանձնացրեց կոոպերատիվների ստեղծումը, ինչը թույլ կտա ապահովել աշխատանքի արդյունավետությունը: «Եթե հետևողական լինենք ու նաև օրենսդրական հիմքեր ստեղծենք, ապա 2-3 տարուց հնարավոր կլինի տեսանելի արդյունքների հասնել այդ ուղղությամբ»,-նշել է նա: Գյուղական համայնքների զարգացման հեռանկարների թվում Ղազարյանը նշել է վերամշակման արդյունաբերության , անասնապահության զարգացումը: