Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է Հայաստանի ոստիկանության ՀԿԼ վարչությունը, Ուսուբովը Երևանում է գտնվում հոկտեմբերի 14-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
Նիստին կմասնակցեն նաև, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք:
Երկօրյա միջոցառման ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր: