«ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ ապահովագրական ընկերությունը գյուղատնտեսության ապահովագրության վերաբերյալ ծրագրեր և սակագներ է մշակում, դիտարկում շուկայում այդ արտադրանքի առաջխաղացման ճանապարհները, հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: «Այո, մենք անակնկալ ենք պատրաստում, սակայն գյուղատնտեսության ապահովագրությունն իր յուրահատկություններն ունի, և դրանց հետ հարկավոր է հաշվի նստել»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով` ապահովագրական ընկերությունը չի կարող խտրական կերպով ապահովագրել որևէ ամենառիսկային շրջանում, այսինքն` չի կարող ապահովագրել երաշտից ամենաչոր շրջանում կամ ապահովագրել ջրհեղեղից դրան ամենաշատը ենթակա շրջանում: «Ուստի, ռիսկի միջինացման և դրա դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ են մեծ տարածքներ, մեծ ծավալներ և հաճախորդների բավական մեծ քանակ: Առանց պետության և միջազգային կառույցների աջակցության, որոնք ուզում են կայունության հասնել գյուղատնտեսական ապրանքի շուկայում, դրան շատ դժվար է հասնել»,- պարզաբանել է նա:
Ընդ որում, ընկերությունը հույս է հայտնել, որ Հայաստանի գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ընկերությանը կհաջողվի «անակնկալ մատուցել» և առաջ տանել այդ արտադրանքը դրա զանգվածային կիրառման տեսակետից: