Գերիշխող դիրքի չարաշահման համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Գավառտրանս» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամով: Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը, լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն, փաստացի ուղևորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով:
Մարզերի բնակիչների, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, Հանձնաժողովը ուսումնասիրել է նշված երթուղու գործունեությունը: Արդյունքում պարզվել է հետևյալը: «Գավառտրանս» ընկերությունը սպասարկում է ընդհանուր առմամբ 3 երթուղի՝ Երևան-Գավառ-Երևան (համար 303), Երևան-գ.Սարուխան-Երևան (hամար 313) և Գավառ-Երևան-Գավառ (համար 326): Ընդ որում, ընկերությունը պարտավորվել է 313 և 326 համարի երթուղիները սպասարկել 1000, իսկ Երևան-Գավառ-Երևան ուղղությունը՝ 500 դրամով, որն էլ ըստ էության հանդիսանում է բոլոր 3 երթուղիներից հիմնականը:
Սակայն, փաստացի «Գավառտրանսը» միտումնավոր կերպով չի կատարել իր պարտավորությունները, ինչի արդյունքում էլ Երևանից Գավառ մեկնողները ստիպված են եղել վճարել կրկնակի ավել գումար՝ 500-ի փոխարեն 1000 դրամ:
ՏՄՊՊՀ դիտարկմամբ, տնտեսվարողի նման վարքագիծը գերիշխող դիրքի չարաշահում է, որի համար Հանձնաժողովի որոշմամբ ընկերության հանդեպ կիրառվում է 10 միլիոն դրամ տուգանք:
Հանձնաժողովը «Գավառտրանս» ընկերությանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում վերացնել խախտումը, «Երևան-Գավառ-Երևան երթուղու ուղևորներից գանձել 500 դրամ, հակառակ դեպքում հրաժարվել լիցենզիայից՝ հնարավորություն տալով այլ տնտեսվարողների աշխատել բարեխիղճ և օրենքի դաշտում: