Կարևորելով երիտասարդության դերը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցում և հաշվի առնելով ուսանողության կողմից նախորդ տարվա մրցույթի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հայտարարում է ուսանողական ռեֆերատների 2-րդ մրցույթ «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան. արժեթղթերի շուկայում առաջարկի և պահանջարկի հարցերը» ընդհանուր թեմայով:
ՀՀ բոլոր բուհերի տնտեսագիտական, իրավաբանական և այլ համապատասխան մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները հրավիրվում են մասնակցելու այդ մրցույթին՝ իրենց ռեֆերատներում պատասխանելով հետևյալ հարցերից որևէ մեկին.ինչպե՞ս կարելի է խթանել արժեթղթերի առաջարկը Հայաստանի կապիտալի շուկայում, որո՞նք են արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) խնդիրները և հնարավոր լուծումները Հայաստանի կապիտալի շուկայում:
Ռեֆերատների ներկայացման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 30-ը, ժ.18:00: Մրցույթի պայմանները, ռեֆերատներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աշխատանքների գնահատման կարգը ներկայացված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի պաշտոնական ինտերնետային կայքի «Մրցույթ» էջում:
Մրցույթի մրցանակները ներառում են դրամական պարգև, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրված պատվոգրեր, ինչպես նաև հրավեր «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությանը, որտեղ լավագույն ռեֆերատների հեղինակները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ և կապեր հաստատել Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների հետ: Մրցույթին մասնակցելու պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու և դիմումի ձևը բեռնելու համար ցանկացողները կարող են այցելել www.nasdaqomx.am պաշտոնական ինտերնետային կայքի «Մրցույթ» էջը (www.nasdaqomx.am/am/contest.htm):