17 հոկտեմբերի 2011 - 19:21 AMT
Ստանիսլավ Կոզեյ. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց հայ-լեհական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները: Այս համատեքստում նախարարն առանձնացրեց այս տարվա հուլիսին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան և կարևորեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Ստանիսլավ Կոզեյն իր հերթին ներկայացրեց իր այցելության նպատակը՝ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի հետ փոխգործակցության ընդլայնումը, ինչն առավել կհարստացնի երկու երկրների բազմաբովանդակ համագործակցությունը:

Բացի դրանից, կողմերն անդրադարձան նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը` մասնավորապես «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում ընթացող գործընթացներին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Լեհաստանի դերը որպես Եվրոպական միության նախագահող երկիր:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ստանիսլավ Կոզեն նշեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: