19 հոկտեմբերի 2011 - 17:13 AMT
Այսուհետ կարելի է գույքահարկերն ու հողի հարկերը վճարել օնլայն՝ idram.am-ի միջոցով

Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի և «Իդրամ» ընկերության կողմից գործարկվել է գույքահարկի և հողի հարկի օնլայն վճարման համակարգը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից։

Համակարգը եռալեզու է և հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից: «Իդրամ»-ի տնօրենի խորհրդական Գևորգ Պողոսյանը նշել է, որ համակարգն իր մատչելիությամբ հասանելի է տարիքային բոլոր խմբերի հարկատուներին:

Վճարում կատարելու համար հարկատուն նախ պետք է մուտք գործի համակարգ՝ www.idram.am կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից`www.yerevan.am -ից, գրանցի վիրտուալ հաշիվ և ստանալով հատուկ կոդ՝ պարտքերի և տուգանքների վերաբերյալ տեղեկատվության հարցում ուղարկելու հնարավորություն կստանա: Քաղաքացին կարող է անձամբ որոշել, թե որ տարվա և որ հարկն է ցանկանում վճարել և, վիրտուալ հաշիվը լիցքավորելով՝ կատարում է իր հարկային պարտավորությունները: Համակարգում գրանցված անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորված է:

«Բոլոր նրանք, ովքեր ունեն աշարժ կամ շարժական գույք և համապատասխան հարկային պարտավորություններ, այսուհետ ոչ միայն կարող են ծանոթանալ գույքի և հողի մասով իրենց հարկային պարտավորություններին, այլև վճարումներ կատարել օնլայն վճարման համակարգի միջոցով, այդ թվում նաև եթե նույն հարկատուն ունի պարտավորություններ մի քանի վարչական շրջաններում միաժամանակ»,- նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Արա Յաղջյանը:

Ծրագիրն աշխատում է բանկային համակարգի միջոցով և առաջիկայում ստացած կոդերով հնարավոր կդառնա վճարումներ կտարել նաև օնլայն վճարման համակարգի բոլոր տերմինալներից: Բացի այդ, նշվեց, որ ներկայում մշակման փուլում է աղբահանության հարկի առցանց վճարման համակարգը: