21 հոկտեմբերի 2011 - 18:32 AMT
Հայաստանի կառավարությունում քննարկել են «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ընթացիկ հարցերը

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը։

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011 թ. հունիսի 8-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու հարցը:

Բացի դրանից, հավանություն է տրվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից ըստ հաստատված համայնքների 2011 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքները 2012 թ. տեղափոխելու առաջարկությանը: Այդ համատեքստում արծարծվել է շինարարական աշխատանքներին համայնքների մասնակցության հարցը:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել 2011 թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը IFAD-ի վերահսկող առաքելության այցելության արդյունքում կազմված հուշագրերի, ինչպես նաև «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության գործարար ծրագրի մշակման նպատակով իրականացված խորհրդատվության ծախսերի վերաբերյալ զեկուցումը: