Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ):
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը և ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Ինչպես պլանավորվել էր, դիտարկման ժամանակ` ժամը 15:00-ին, Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հատել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: