24 հոկտեմբերի 2011 - 18:46 AMT
Աստրիդ Քլիֆֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ

Աստրիդ Քլիֆֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհուրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 18.10.2011թ.-ից, հայտնում է բորսայի մամլո ծառայությունը :

Տիկին Քլիֆֆորդը 2010թ.-ից հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում շուրջ 21 տարի: Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Մեծ Բրիտանիայում, Ջերսիում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Օմանում, Հնդկաստանում, Վյետնամում, Թայվանում, Հոնկոնգում և ԱՄՆ-ում:

Տիկին Քլիֆֆորդը ավարտել է Սաութհեմփթոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը և ունի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Տնտեսագիտության մագիստրոսի կոչում:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: