25 հոկտեմբերի 2011 - 20:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կարեն Կարապետյան. Երևանը բաց է փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հետ: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետերը քննարկել են մայրաքաղաքների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Կարեն Կարապետյանը նշել է, որ, չնայած բարձր վստահությամբ ձևավորված հարաբերություններին` անելիքները դեռ շատ են:

Բերտրան Դելանոեն իր հերթին նշել է, որ այս օրը համարում է պատմական և ոգևորիչ երկու քաղաքների հարաբերություների հետագա զարգացման համար: Նա նկատել է նաև, թե ցանկալի է, որ փոխայցերը լինեն ավելի հաճախակի: Նրա խոսքով` ֆրանսիական կողմին հետաքրքրում են նոր տեխնոլոգիական մոտեցումներն ու գաղափարները կառավարման համակարգում, որոնք կարող են լինել օրինակելի և իրենց կիրառությունը գտնել նաև Փարիզում:

Իր պաշտոնակցին ներկայացնելով քաղաքապետարանի կողմից ներդրումային ծրագրերի և տարբեր ոլորտներում հնարավոր փոխշահավետ համագործակցության առաջարկները` Կարեն Կարապետյանը վերահաստատել է այն միտքը, որ Երևանը բաց է և պատրաստակամ փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար, և որ Փարիզի գործընկերների աջակցությամբ Երևանը կարող է դառնալ բիզնեսի զարգացման հրապարակ, ինչը կխթանի երկու քաղաքների միջև փոխգործակցությանը և կձևավորի նոր բիզնես մշակույթ:

ՖՈՏՈՇԱՐՔ