28 հոկտեմբերի 2011 - 13:47 AMT
ԲՀԿ-ին բավարարել են «կոտրած տաշտակի» վերաբերյալ Տիգրան Սարգսյանի բացատրությունները

«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է լրագրողներին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը «կոտրված տաշտակի» մասին, որը սպառնում է ՀՀԿ մրցակիցներին։ Նա մեջբերել է վարչապետի մամլո քարտուղար Արամ Անանյանի հայտարարությունը. «Փորձ է արվում խեղաթյուրել վարչապետի խոսքերը և հասցեագրել դրանք կոալիցիայի գործընկերներին։ Խոսքը գնացել է նախագահ Սարգսյանի շուրջ միավորվելու մասին և ուղղվել է այն քաղաքական ուժերին, որոնց համար պայքարն ինքնանպատակ է դարձել երկրի զարգացման վերաբերյալ նախաձեռնությունների շուրջ համագործակցության փոխարեն։ ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է և պետք չէ մտացածին բաներ տարածել այն մասին, ինչը ոչ միայն անհեթեթ է, այլ նաև սուտ»։ «Կարծում եմ, որ դրանով ամեն ինչ ասված է»,- ասել է Զոհրաբյանը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև հակամարտության մասին լուրերը: «Ով համագործակցի մեզ հետ, նա կշահի, ով` ոչ, «կոտրած տաշտակի» առաջ կհայտնվի»,- հայտնել է նա լրագրողներին Ազգային Ժողովում: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հանրապետական կուսակցությունն այժմ այն կուսակցությունն է, որի շուրջ միավորվել են մյուս կոալիցիոն գործընկերները, քաղաքական դաշտի առանցքն է, և այդ դիրքորոշումը ՀՀԿ-ն ոչ միայն կպահպանի, այլև կզարգացնի: Նա նշել է, որ փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրն ամրագրեց այդ սկզբունքը, որ կոալիցիոն կուսակցություններն իրենց դիրքերն ամրապնդելու են ոչ իրենց գործընկերների հաշվին, և որ այդ կուսակցությունները միավորվում են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ: