«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Խաչմերուկ բանավեճային ակումբ» ՀԿ-ն իրականացրել է Հայաստանի բուհերում գրագողության պատճառների ուսումնասիրություն։ Այսօր ՀԿ նախագահ Տիգրան Մաթոսյանը լրագրողներին, բուհերի ներկայացուցիչներին, դասախոսներին ու ուսանողներին ներկայացրեց «Գրագողությունը հայաստանյան բուհերում. Ինչպե՞ս քանդել թնջուկը» զեկույցը։
«Շատ տարածված է գրագողություն երևույթը, որը թերևս ամենատարածված և անտեսված երևույթներից մեկն է։ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի մեջ է և պատրաստակամություն է հայտնել ստեղծել հետազոտական բուհեր։ Սակայն գրագողությունն ու հետազոտական բուհերը անհամատեղելի են։ Մյուս կողմից՝ գրագողությունը հեղինակային իրավունքի կոպիտ խախտում, ոտնահարում է»,- ասաց Տիգրան Մաթոսյանը։
Ուսումնասիրության մեջ ուշադրությունը դարձվել է հենց ներբուհական խնդիրներին։ Հեղինակները նշում են, որ բուհն ինքնին հզոր ներուժ ունի, և կարող է ինքնուրույն շտկել իրավիճակը՝ առանց սպասելու համակարգային փոփոխությունների։ Հետազոտության արդյունքում կատարվել են 40 դասախոսների հետ խորքային հետազոտություններ, 5 ուսանողական խմբերի հետ աշխատանք, մամուլի ուսումնասիրություն։
«Մենք ուսանողներին խնդրում էինք մտաբերել մի դեպք, երբ ուսանողը պատժվել է գրագողության համար։ Ի պատասխան ուսանողները պարզապես ժպտում էին, այսինքն՝ այդպիսի բան չկա»,- ասաց բանախոսը։