15 օգոստոսի 2000 - 15:56 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
15.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման, որը ներկայումս իր հանգիստն է անցկացնում Ղրիմում, կմասնակցի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սիմֆերոպոլում նախատեսված հանդիպմանը, որտեղ կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Այս մասին այսօր հաղորդել է ՐԻԱ-Նովոստին:
Վերջին ժամանակներում Ուկրաինան բազմիցս հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնելու իր պատրաստակամության մասին: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք ընդունել նրանց Յալթայում»: Այս տարվա մայիսին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել էր Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Դմիտրի Տկաչը: 2000 թվականի մայիսին Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համապատասխան ցանկության դեպքում Ուկրաինան պատրաստ է ոչ միայն ընդունել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասնակիցներին, այլեւ պատրաստ է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով խաղաղարար զորախմբի ձեւավորմանը:
«Ուզում եմ ընդգծել, որ կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը անմիջականորեն շաղկապվում է Ուկրաինայի անվտանգության շահերին», - հայտարարել էր Ուկրաինայի փոխարտգործնախարը: --0--