30 հոկտեմբերի 2011 - 21:54 AMT
Ինտերնետը հայ ընտանիքների կյանքի անբաժան մասն է դառնում

Հայաստանում Ինտերնետի ոլորտում իրական առաջընթաց է արձանագրվել: Ինչպես հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական համաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդամենը երեք տարի առաջ մեկ մեգաբիթ ինտերնետ կապն արժեր 1,2 մլն դրամ, այսօր այն արժե 34 հազար դրամ: «Դա հնարավորություն է տալիս ապահովել ինտերնետի հասանելիությունը»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով, մի շարք գործոններ կան, որոնք ազդել են գների նվազման վրա. առաջինը, Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը հռչակել է որպես առաջանահերթություն: Ստեղծվել է խորհուրդ, որում ներառված են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնց հետ միասին քննարկվում է համալիր միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր այս ոլորտի զարգացման համար: Այս համատեքստում վարչապետը նշել է, որ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ընդունվել բազմաթիվ նորմատիվային ակտեր, հանձնարարականներ են տրվել բոլոր գերատեսչություններին` վերացնելու համար այն գործառույթները, որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: «Եթե ընդամենը երեք տարի առաջ մենք ունեինք 80 հազար ինտերնետից օգտվող, ապա այսօր այդ թիվը կազմում է 350 հազար: Սա հանրության բավական լուրջ զանգված է: Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս»,- հավելել է նա: