31 հոկտեմբերի 2011 - 19:51 AMT
Հայաստանն ու Հնդկաստանը Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրեցին

Հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի ունեցավ առևտրի, տնտեսական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը: Համանախագահողներն էին Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևելքի քարտուղար Սանջայ Սինգհը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը:

Նույն օրը տեղի ունեցավ նաև հայ-հնդկական գործարար համաժողով: Միջկառավարական նիստի և գործարար համաժողովի համատեղ նիստի ժամանակ ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության և Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության պալատների դաշնության միջև ստորագրվեց համաձայնագիր` Հայ-հնդկական գործարար խորհրդի ստեղծման մասին: Համաձայնություն ձեռք բերվեց համագործակցության հետագա ծրագրերի շուրջ: