1 նոյեմբերի 2011 - 15:43 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության` արևելքի հարցերով քարտուղար Սանջայ Սինգհի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայ-հնդկական բարիդրացիական հարաբերություններն ունեն պատմական անցյալ և կարևորել է այդ հարաբերությունները գործնական հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը: ԱԱԽ քարտուղարը փաստել է, որ այսօր արդեն իսկ առկա է քաղաքական և տնտեսական համագործակցության բավականին բարձր մակարդակ և ընդգծել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև քաղաքական տարաձայնությունների բացակայությունը և միջազգային կառույցների շրջանակներում դիրքորոշումների և տեսակետների ներդաշնակությունը մեծապես նպաստում են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը:

ԱԱԽ քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հնդկաստան կատարած իր այցի շրջանակներում Հնդկաստանի Ազգային անվտանգության քարտուղար պարոն Շիվշանքար Մենոնի հետ հանդիպումը և առ այսօր շարունակվող պարբերական երկխոսությունը նոր թափ հաղորդեց անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը:

Քննարկվել է բանակցությունների փուլում գտնվող խոշորածավալ ապրանքային վարկի ստացման գործընթացը և հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի կիրառումը Հայաստանում

Կարևորվել է հայ-հնդկական գործարար խորհրդի ստեղծումը տնտեսական հարաբերությունները որակապես նոր փուլ տեղափոխելու գործում

Սանջայ Սինգհը բարձր է գնահատել երկու երկրների` դարավոր պատմություն ունեցող ջերմ հարաբերությունները և շեշտել, որ Հնդկաստանը նույնպես պատրաստ է խթանել առկա համագործակցությունը և փոխգործակցության նոր ուղիներ նախանշել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: