Այսօր բնապահպանության նախարարության դիմաց հավաքված «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարում էին՝ «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից երեկ տարածված հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ խնդիրը ստացել է վերջնական լուծում։
«Աշխատանքները մի շաբաթ առաջ էլ էին դադարեցվել։ Մեզ անհրաժեշտ են իրավական հիմքեր։ Մենք դեմ ենք ոչ թե «Ռոբշինին», այլ ընդհանրապես ՀԷԿ-ի կառուցմանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում ասաց խմբի անդամ Դիանա Միլիտոնյանը։
Խմբի անդամները ներկայացրել են 7 հստակ պահանջ՝ չեղյալ համարել Թռչկանի հարակից հողերի կարգավիճակի փոփոխության մասին Կառավարության N 1022 որոշումը, վերականգնել հողերի նախկին կարգավիճակը, ուժը կորցրած ճանաչել «ՀՀ Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տված դրական փորձագիտական եզրակացությունը, ուժը կորցրած ճանաչել բնապահպանության նախարարության կողմից նույն ՍՊԸ-ին տված ջրօգտագործման թույլտվությունը, անհապաղ դադարեցնել «Ռոբշինի»՝ ՀԷԿ կառուցելու լիցենզիան, վերականգնել բնությանը հասցված վնասը և քայլեր ձեռնարկել «Թռչկան» ջրվեժի՝ որպես բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը կազմելու և հաստատելու ուղղությամբ։
«Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը, մինչև վերոնշյալ բոլոր պահանջների իրականացումը»,- նշում էին ցուցարարները։ Վերջիններս երգում էին, արտասանում ու թռչկոտում հանուն Թռչկանի պահպանության, պահանջում էին նախարարին ներկայանալ և բացատրություններ տալ։ Սակայն ոչ միայն նախարարը, այլև ընդհանրապես նախարարությունից որևէ մեկը չներկայացավ։ Եվ մեկ ժամ անց ակցիայի մասնակիցները հեռացան՝ իրենց պայքարը մինչև վերջ տանելու, պայքարելու վճռականությամբ։
Երեկ ՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Ռոբշին» ՍՊԸ-ն, ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով հայտարարել էր Թռչկան ջրվեժի տարածքում` Չիչխան գետի, վրա կառուցվող հիդրոէլեկտրոկայանի շինարարության դադարեցման և տեխնիկայի դուրսբերման մասին։