Nokia ընկերության երկար սպասված, նոր թողարկված Windows Phone 7.5-ով աշխատող երկու սմարթֆոնները՝ Lumia 800 և Lumia 710-ը Հայաստանում կլինեն մինչև տարվա վերջ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրել է Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների ցանցի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը։ Նրա խոսքով, հավանաբար, երկուսն էլ կստանան։
2011-ի փետրվարին Nokia-ն հայտնեց Microsoft-ի հետ իր համագործակցության մասին։ Այժմ Microsoft-ի Windows Phone օպերացիոն համակարգը դառնալու է Nokia սմարթֆոնների մշտական հարթակը։
Lumia 800-ը ունի 3.7 դյույմ (480x800) զգայուն էկրան։ Այն հագեցած է 1.4GHz պրոցեսորով և 16Գբ ներքին հիշողությամբ (մինչև 25 Մբ ավելացնելու հնարավորությամբ)։ Սմարթֆոնի ֆոտոխցիկը 8 մեգապիքսել է։ Ֆոտոխցիկի ծրագիրը հագեցած է մի շարք խմբագրման ֆունկցիաներով՝ white balance-ի կարգավորում, կարմիր աչքի նվազում և այլն։
Lumia 710-ը Lumia 800-ի մատչելի տարբերակն է։ Արժենալով 270 եվրո, այն ունի 1.4GHz պրոցեսոր, 3,7 դյույմ էկրան, 8Գբ ներքին հիշողություն (մինչև 16Գբ հնարավորությամբ) և 5 մեգապիքսել ֆոտոխցիկ։ Սմարթֆոնը հասանելի է լինելու սև և սպիտակ գույներով՝ բազմագույն ետևի պատյանների առաջարկներով։
Սմարթֆոնները ներառում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ESPN Sports Hub-ը, Nokia Drive-ը, Nokia Music-ը և Mix Radio-ն, Nokia Pulse-ը, որը միավորում է սոցիալական ցանցային շփումը գեոլոկացիոն ծառայությունների հետ։