2 նոյեմբերի 2011 - 18:10 AMT
Նոր հարկային փաթեթը նախատեսում է վերագնահատել Հայաստանի առևտրային բանկերի համար հիմնական միջոցները

Հայաստանի կառավարության մշակած նոր հարկային փաթեթը, որը քննարկման խորհրդարան է ներկայացվել 2012թ. պետբյուջեի նախագծի շրջանակում, նախատեսում է վերագնահատել Հայաստանի կոմբանկերի համար հիմնական միջոցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 2-ին կառավարությունում փոքր և միջին ձեռնարկատիրության վերաբերյալ կայացած Խորհրդի նիստում:

«Ի տարբերություն իրական հատվածի, բանկերն ունեին արտոնություն, այսինքն` կարողանում էին ինքնուրույնաբար վերագնահատել իրենց հիմնական միջոցները, որն ազդում էր շահութահարկի բազայի գնահատման վրա: Այսօր մենք բանկային համակարգի այդ արտոնությունը վերացնում ենք, և նրանք նույնպես պարտավոր են լինելու օգտվել մասնավոր մասնագիտացված կառույցների ծառայություններից»,- վարչապետի խոսքն է մեջբերում կառավարության մամլո ծառայությունը: