«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նոր առաջարկը դեպի Վրաստան շրջագայություններ կազմակերպելու վերաբերյալ, հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի բնակչության շրջանում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը:
Դեռ ընթացիկ տարվա սեպտեմբերին «ՀԿԵ»-ն հայտարարեց վրացական զբոսաշրջային Elite Tour գործակալության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակներում «Վրաստանի սիրտը» և «Գինու շրջագայություն» երկօրյա էքսկուրսիոն տուրերի կազմակերպման մասին: Էքսկուրսիաները կիրականացվեն ինչպես հանգստյան, այնպես էլ աշխատանքային օրերին, իսկ բոլոր ցանկացողները կարող են Վրաստան մեկնել «Արմենիա» ֆիրմային գնացքով:
«Վրաստանի սիրտը» շրջագայության առաջին օրը հայ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ Թբիլիսիի տեսարժան վայրերին: 20-40 հոգուց կազմված զբոսաշրջիկների խմբի համար տուրի արժեքը կլինի 155 դոլար, իսկ 18-19-հոգանոց խմբի համար՝ 175 դոլար:
«Գինու շրջագայություն» ծրագրի շրջանակներում զբոսաշրջիկները կայցելեն վրացական գինեգործության կենտրոններ՝ Կախեթ, Ցինանդալի: Ցինանդալիում զբոսաշրջիկները կայցելեն Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարանը: Այս տուրի արժեքը 20-40 մարդուց բաղկացած խմբի համար կկազմի 275 դոլար, իսկ 18-19 հոգուց բաղկացած խմբի համար՝ 285 դոլար:
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Թբիլիսիում լինելու ընթացքում զբոսաշրջիկները կարող են անվճար բնակվել տուրիստական վագոնում՝ Թբիլիսիի երկաթուղային կայարանում: Նոր առաջարկների թվում են այցելությունները Բորժոմի և Բակուրիանի: