4 նոյեմբերի 2011 - 13:13 AMT
Հայաստանում 2012-ին լուրջ ցնցումներ չեն լինի, համոզված է ԿԲ նախկին նախագահը

Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հայտնվելու հնարավորությունը բավական մեծ է, իսկ 2012-ը վատ տարի է լինելու համաշխարհային տնտեսության զարգացման համար, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի տնտեսությանը, ապա, նրա խոսքով, դրա վրա ազդում է ռուսական տնտեսության մեջ տիրող իրավիճակը, որտեղ 2012-ին տնտեսական աճը նախատեսված է 4 տոկոսի մակարդակում։ «Այդ պատճառով Հայաստանում գալիք տարում լուրջ ցնցումներ չեն լինի, իսկ եթե ֆինանսական հոսքերի միտումները շարունակվեն, ապա Հայաստան մտնող փոխանցումների ծավալները 2012-ին կհասնեն նախաճգնաժամային շրջանին»,- նոյեմբերի 4-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա։

Դրա հետ կապված՝ նա դրական է գնահատել այն, որ 2012-ին Հայաստանում ապահովվելու է տնտեսական աճ 4,2 տոկոսի մակարդակում։ «Լավ է, որ մենք աճում ենք, բայց ինձ անհանգստացնում է՝ իսկապես այդ տեմպերը բավարար են»,- ասել է փորձագետը և հավելել, որ աճ ապահովվելու է արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև 2-2,5 տոկոս աճ՝ շինարարության ոլորտում։

Անդրադառնալով ժողովրդի բարեկեցությանը՝ Բագրատ Ասատրյանն ասել է, որ հաշվի առնելով համաշխարհային շուկաներում պարենային ապրանքների գների աճը՝ երկրի բնակչությունը զգալիորեն վատ է ապրելու։ Այդ առումով նա հավելել է, որ դա վերաբերվում է նաև պետական ծառայողներին, որոնց համար կառավարության կողմից նախատեսված սոցիալական փաթեթը պլանավորված քայլ է լինելու։ «Եթե մենք չվճարենք պաշտոնյաներին, ապա չենք կարող նրանցից արդյունավետ աշխատանք ակնկալել»,- ասել է նա։