4 նոյեմբերի 2011 - 14:29 AMT
«Ժառանգությունը» վստահ է, որ իշխանությունները «պատասխանատվությամբ են պատրաստվում արդար ընտրությունների անցկացմանը»

Վերջին հրաժարականները ցույց տվեցին,, որ Հայաստանի իշխանությունները ամենայն պատասխանատվությամբ են մոտենում ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Բացի այդ, ըստ Սաֆարյանի, իշխանությունների առջև ծառացել է նաև ներքին խնդիրները լուծելու հարցը, ուստի նրանք ժամանակից շուտ են սկսել նախապատրաստվել ընտրություններին:

Նա նաև պատահական չի համարել նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Միքայել Մինասյանի հայտարարությունը, որն ասել է, որ իրենց առջև խնդիր է դրված անցկացնել լավ ընտրություններ: Ըստ Սաֆարյանի, դժվար է հավատալ, որ իշխանությունները չեն օգտագործի վարչական ռեսուրսը ընտրությունների համար:

Ստեփան Սաֆարյանը նշել է նաև, որ կոալիցիոն թիմը ռիսկային պայքարի կգնա ընտրությունների ժամանակ, քանի որ իշխող կոալիցիայում արդեն կա մեկ թև, որ դիմակայում է վարչակազմին: Նա նշել է, որ վերադասավորումները կատարվում են հենց այդ թևը թուլացնելու համար: «Հարցն ավելի շատ վստահության ու անվստահության դաշտում է գտնվում»,-ասել է նա՝ հավելելով, որ այս պահին քայլեր են ձեռնարկվում անվստահությունը կանխելու համար: Սաֆարյանը նաև նշել է, որ ակնհայտ է, որ Հայաստանում բոլոր կարևորագույն որոշումները մեկ մարդ է կայացնում՝ Հայաստանի նախագահը:

Խորհրդարանական և նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 և 2013թթ.:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: