Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի առթիվ այսօր կատարվել է Հայրապետական մաղթանք:
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական մաղթանքին ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությանը մասնակցել են նաև Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, այս առիթով Հայաստան ժամանած թեմակալ առաջնորդներ և տարբեր թեմերի պատվիրակներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ և բազում հավատացյալներ:
Շնորհավորական ուղերձներից հետո «Ձոն Վեհափառի» երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրվել է Ս. Խորան, որտեղից «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արարողությանը մասնակից հավատավոր ժողովրդին: Հայրապետական մաղթանքի ավարտին Մայր Աթոռում տեղի է ունեցել ընդունելություն: