5 նոյեմբերի 2011 - 15:05 AMT
Հայաստանում պաշտոնական iPhone 4S-ը վաճառվելու է սկսած 330 000 դրամից

Այսօր լրացավ Օրանժ Արմենիա ընկերության հայաստանյան շուկայում գործելու 2 տարին: Այդ առիթով կայացած ասուլիսի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ մեկնարկել են iPhone 4S սմարթֆոնի նախնական պատվերները:

«Նոյեմբերի 11-ին կսկսվի վաճառքը, իսկ նախնական պատվերներ կարելի է կատարել մեր կայքում»,-ասաց նա:

Օրանժ Արմենիան Հայաստանում iPhone-ի պաշտոնական ներկայացուցիչն է: Օրանժի 30 խանութներում հասանելի կլինի iPhone 4S-ը: Ըստ Բրունո Դյութուայի, նախնական ստացել են 500 iPhone 4S: Հաջող վաճառքի դեպքում նոր խմբաքական կպատվիրեն:

«Վաճառքում կունենանք երկու գույնի և բոլոր տարբերակներով (16GB, 32GB, 64GB) iPhone 4S: Եթե բաժանորդը միանա երկու տարով ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին` Դելֆինին, Թիթեռին կամ Պանտերային, ապա հնարավորություն կունենա գնել iPhone 4S-ի 16Գբ տարբերակը սկսած 180 000 դրամից: Իսկ առանց բաժանորդագրությունների 16Գբ տարբերակն արժե 333 000 դրամ»,-ասաց Բրունո Դյութուան և հավելեց, որ ընկերության կայքում կան բոլոր տարբերակների բոլոր տեսակի բաժանորդագրություններով արժեքները:

Ընկերության տնօրենը նաև հավելեց, որ առայժմ iPhone 4-ի արժեքը չի նվազի, Օրանժը բանակցություններ է տանում Apple ընկերության հետ այս հարցի շուրջ:

iPhone 4S-ի պատյանը նույնն է, ինչ iPhone 4-ինը։ Այն համարվում է iPhone 4-ի ժամանակակից տարբերակը։ iPhone 4S-ը աշխատում է A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։ Սմարթֆոնի տեսախցիկը 8 մեգապիքսել է, որը թույլ է տալիս լուսանկարել բաձր որոշմամբ (Full HD)։

iPhone 4S-ը թողարկվում է սև և սպիտակ գույներով՝ 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով: Այն աշխատում է iOS-ի նոր թարմացմամբ՝ iOS5 համակարգով։

Apple ընկերությունը ներկայացրեց աշխարհին iPhone-ի նոր տարբերակը հոկտեմբերի 4-ին։ Նշենք, որ սմարթֆոնի ոչ պաշտոնական վաճառքը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։