26 հուլիսի 2000 - 20:06 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԻՏԵՐԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
26.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանյան «ԻՏԵՐԱ» ընկերությունը, որը հեռացվել էր Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման առաջին մրցույթին մասնակցությունից, ըստ ամենայնի, մտադիր չէ հրաժարվել հետագա պայքարից:
«ԻՏԵՐԱ-Հոլդինգ» ընկերության նախագահ Վալերի Օտչերցովը հուլիսի 24-ին Փրայմ-Տասս գործակալությանը տված հարցազրույցում ասել է.
«Հայաստանի խորհրդարանը որոշել է դադարեցնել սեփականաշնորհման գործընթացը ըստ նախապես որոշված ծրագրի: «ՌԱՕ ԵԷՍ» եւ «Ռոսէներգոատոմ» ընկերությունների հետ համատեղ մենք Հայաստանի կառավարությանը առաջարկել ենք ստեղծել համատեղ ձեռնարկություն` հայ էներգետիկների, «ՌԱՕ ԵԷՍ»-ի, «Ռոսէներգոատոմ»-ի եւ «ԻՏԵՐԱ»-ի մասնակցությամբ`էներգետիկ ցանցերը համատեղ շահագործելու նպատակով: Դժվար է կանխատեսել, թե Հայաստանի իշխանությունները ինչ որոշում կընդունեն այս կապակցությամբ, եւ ինչ չափաբաշին կարող է ունենալ «ԻՏԵՐԱ»-ն համատեղ ձեռնարկության ստեղծման դեպքում: Մեզ առանձնապես չի մտահոգում մեր մասնակցության ծավալը այս նախագծում: Չափազանց կարեւոր է, որպեսզի գազից ստացվող էլեկտրաէներգիայի հաշվարկների ժամանակ միջոցները ուղղվեն ըստ նշանակման, եւ որպեսզի սկսվեն աշխատանքներ լրացուցիչ եկամուտ բերող նախագծերի իրականացման ուղղությամբ: Ես ի նկատի ունեմ Հայաստանից Թուրքիա էլեկտրաներգիայի արտահանման նախագծերը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտարարել էր, որ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթին կմասնակցեն միայն 4 ընկերություններ` ամերիկյան «AES Silk Road», շվեյցարա-շվեդական «ABB», ֆրանսիական «Electricite de France» եւ իսպանական «Union Fenosa» ընկերությունները: --0--