Այսօր` նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև ստորագրվեց 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին գործնական ծրագիր: Փաստաթուղթը ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարը: Ծրագրով հիմք դրվեց 2 երկրների միջև թատերարվեստի բնագավառում համագործակցությանը, մասնավորապես օպերային թատրոնների, ազգագրական և ժող.գործիքների համույթների փոխանակումներ և այլն:
Նասսարի առաջարկով հայ երիտասարդ գրողներն ու գրականագետները կժամանեն Եգիպտոս և փորձով կփոխանակվեն իրենց եգիպտացի գործընկերների հետ: Հայաստանը հունվարի վերջին Կահիրեի 2012 թ-ի գրքի միջազգային ցուցահանդեսում պատվավոր հյուրի կարգավիճակով հանդես կգա: Նասսարի խոսքով պետք է ամուր համագործակցություն ձևավորվի երկու երկրների միջև հատկապես թարգմանչական ոլորտում, որպեսզի եգիպտացի հեղինակները թարգմանվեն հայերեն, իսկ հայ հեղինակները` արաբերեն:
Ծրագիրը հիմնված է 1997 թ-ի մարտի 17-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթների վրա: