25 հուլիսի 2000 - 16:33 AMT
ԱՄՆ-ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՄԵՆՔ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Միացյալ Նահանգները աջակցում են զինադադարի պահպանմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ողջունում են երկու պետությունների նախագահների բանակցությունները, որոնք նպատակ ունեն հասնել փոխընդունելի խաղաղ համաձայնագրին:
Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության մամլո գրասենյակում, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ուիլիամ Քոենը` այցով ԱՄՆ-ում գտնվող իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ սա Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է ԱՄՆ: «Մենք հավատում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Հայաստանը եւ ԱՄՆ-ը կսկսեն իրականացնել ռազմական համագործակցություն: Հուսով ենք, որ Ղարաբաղյան խնդիրը շուտով կլուծվի», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: --0--