8 նոյեմբերի 2011 - 17:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ալի Աքբար Սալեհի. Իրանը հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը ՀՀ և ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել երկու երկրների միջև առկա փոխգործակցության հարուստ օրակարգի, ինչպես նաև նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկման ու նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:

«Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ գոհունակություն հայտնելով նաև տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ընթացքից:

«Համոզված եղեք, որ Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ և նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին:

ՖՈՏՈՇԱՐՔ