8 նոյեմբերի 2011 - 17:50 AMT
Վերաբացվել է Մասիսի մասնաճյուղն ու 1-ին բաժանմունքը

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն:

Նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ «Հայփոստի» Մասիսի մասնաճյուղի և 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Արարողությանը ներկա էին մարզպետի տեղակալ Կառլեն Հակոբյանը, Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ:

Մարզպետի տեղակալ Կառլեն Հակոբյանը ողջունեց «Հայփոստ»-ի ղեկավարությանը` բարձր գնահատելով կատարված աշխատանքը:

Քաղաքապետ Դմիտրի Նազարյանն իր ելույթի խոսքում նկատեց, որ «Հայփոստ»-ը վերածնունդ է ապրում: Նա շնորհակալագիր հանձնեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին` առ այն, որ Մասիսի փոստային մասնաճյուղի և 01 բաժանմունքի նորացումն և արդիականացումը կատարվել են գերազանց:

Պարոն Գեչիջյանն, իր հերթին, նշեց, որ այդ շնորհակալագիրը ,Հայփոստ»-ի ամբողջ աշխատակազմինն է, և իր խոսքում կարևորեց ամենօրյա աշխատանքում հոգի ներդնելու գաղափարը:

«Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման վարչության ղեկավար Նարինե Սեֆերյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս «Հայփոստ»-ը մարզերում իրականացնում է մեծածավալ աշխատանքներ:

Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին են համապատասխանեցվել մասնաճյուղն ու բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: : «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: