21 հուլիսի 2000 - 21:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԿՈՒՐՈՐԵՆ ՀԱՎԱՏԱ ԲԱՔՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՅԹՈՒՆՆԵՐԻՆ` ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Հայաստանը չպետք է կուրորեն հավատա Բաքվի հայտարարություններին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում փոխզիջումների գնալու Ադրբեջանի պատրաստակամության վերաբերյալ»: Այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Արամ Սարգսյանը:
«Վերջին ժամանակներս Հայաստանը հանդես է գալիս որպես փոխզիջումների պատրաստ պետություն, իսկ Ադրբեջանում չի դադարում հակահայկական քարոզչությունը», - պնդում է Արամ Սարգսյանը: Նրա խոսոքերով, այս պայմաններում Ադրբեջանի հասարակական կարծիքը չի կարող հաշտվել այն մտքին, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն փոխզիջումների ճանապարրհով:
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ բանակցությունները` Սարգսյանը ասել է. «Տպավորություն ունեմ, որ այս երկխոսության ընթացքում չեն մշակվում կարգավորման կոնկրետ տարբերակներ, այլ հիմք է ստեղծվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար»:--0--