Յոթ հոգի զոհվել է թուրքական Վան գավառում երկու նոր երկրաշարժերի արդյունքում ավիրված շենքերի փլուզվածքների տակ, 23 հոգի կենդանի է դուրս բերվել ավերակների տակից, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը։
Երկրի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն ավելի վաղ հաղորդել էր լրագրողներին, որ ընդհանուր առմամբ ցնցումների արդյունքում քանդվել է 25 շենք, որոնցից 22-ն այդ ժամանակ դատարկ էին։ Մյուս երեք տների ավերակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նոյեմբերի 9-ին Վան գավառում 5,6 և 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց էպիկենտրոնը Էդրեմիթ քաղաքն էր։
Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, ստորերկրյա ցնցումների արդյունքում փլուզվել են որոշ շենքեր, որոնք տուժել էին հոկտեմբերի 23-ի երկրաշարժի ժամանակ, այդ թվում՝ դպրոցն ու հյուրանոցը։ Հաղորդվում է, որ հյուրանոցի ավերակների տակ մարդիկ են մնացել, այդ թվում՝ հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետևանքները լուսաբանելու համար տարածաշրջան ժամանած լրագրողներ։
Մինչդեռ DHA գործակալությունը հաղորդում է, որ մեկ մարդ զոհվել է և 50-ը տուժել են Վան քաղաքում երկրաշարժի ժամանակ առաջացած խուճապի արդյունքում։ Մարդիկ իրենց դուրս էին նետում տան պատուհաններից և պատշգամբներից։
Հոկտեմբերի 23-ին Վան գավառում 7,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որին զոհ գնաց ավելի քան 600 մարդ։