Պաղեստինի ղեկավարությունը խոստովանել է, որ ՄԱԿ-ում լիիրավ անդամակցություն ստանալու ծրագիրը ձախողվել է: Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ինքնավարության արտաքին գործերի նախարար Ռաիդ ալ Մալիքին: Համաձայն Ռաիդ ալ Մալիքիի` տվյալ պահին Պաղեստինի ինքնավարությունը պատրաստ է բավարարվել դիտորդի կարգավիճակով, որի նմանն ունի Վատիկանը»: Միևնույն ժամանակ ալ Մալիքին նշել է, որ «ձախողումը» սպասելի էր և այն չզարմացրեց իրենց կառավարությանը: Նա նաև հավելեց. «Եթե նույնիսկ մենք ստանայինք մեզ անհրաժեշտ 9 ձայները, ԱՄՆ-ն կօգտվեր իր վետոյի իրավունքից և կխափաներ անդամակցության գործընթացը»:
«Այնոււամենայնիվ, մենք դիմեցինք Անվտանգության Խորհուրդ, որպեսզի դրանով ընդգծենք սեփական պետություն ունենալու Պաղեստինի ժողովրդի իրավունքը: Ցավոք, Միացյալ Նահանգների միջամտությունը խանգարեց մեզ, քանի որ նրանց դիրքորոշումը իր ազդեցությունը թողեց ԱԽ-ի այլ անդամների որոշման վրա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեբերի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը պետք է քվեարկեր Պաղեստինի Ինքնավարությանը ԱԽ-ին անդամակցություն շնորհելու հարցի օգտին: Սակայն, ԱԽ հանձնաժողովը չկարողացավ նոր անդամների ընդունման վերաբերյալ բանաձև ընդունել, որը կբավարարեր ԱԽ անդամ բոլոր կողմերին: