Այսօր Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Երևանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմեց իր անցած ճանապարհի մասին, Apple-ի ստեղծման պատմությունից և կիսվեց խորհուրդներով։
«Ես HP ընկերությունում էի աշխատում, գիտական հաշվիչներ էի նախագծում, ապա սկսեցի ուսումնասիրել այդ հաշվիչների միկրոսխեմաները։ Ես հրապուրված էի տեխնոլոգիայով և չիպերի դիզայնով և հավատում էի որ խելացի նախագծողը կարող է հասնել մեծ արդյունքերի այդ աշխատանքում։ Ես մի տեսալական ունեի, ուզում էի համակարգիչներն ամբողջ աշխարհին հասանելի դարձնել։ Գրպանումս սակայն գումար չունեի, իմ առավելությունն այն էր, որ ես կարող էի օգտվել միկրոսխեմաների մատչելի աղբյուրից՝ HP-ում էի աշխատում։ Ես մատիտով և թղթով նախագծում էի չիպերի դիզայնը։ Իսկ գիշերները վերցնում էի միկրոսխեմաները, զոդում էի լարերի տեղերը փոխելով։ Գումար չունեի վճարելու համար նախագծողին կամ պատրաստողին և ամեն ինչ ինքս էի անում։ Ամեն օր կարդում էի օնլայն մամուլը, փնտրում թե աշխարհում ինչ նոր հայտնագործություններ էին կատարվում կամ ինչ մատչելի չիպեր էին արտադրում։ Հետևելով բոլոր զարգացումներին՝ ես մտածեցի, իսկ ինչու՞ ինքս չստեղծեմ այնպիսի սարքեր, որոնք նմանօրինակ մեծ կարևորություն կունենան»,-պատմեց Սթիվ Վոզնյակը և հավելեց, որ ամեն մարդ մի բանում գերազանցության է հասնում, մի բան բոլորից լավ է անում։
Վոզնյակի խոսքով, ինքը և Սթիվ Ջոբսը մտածում էին, ինչ կարող են անել առանց գումարի՝ մեծ հաջողության հասնելու համար։ «Սովորաբար բոլոր մեծ ընկերությունները հիմնել են երիտասարդներ, որոնք փող չեն ունեցել և երաշխիք չեն ունեցել, սակայն կտրուկ զարգացում են ունեցել»,-ասաց նա։
Խոսելով Apple-ի արտադրանքների մասին, նա ասաց, որ շատ կարևոր է, որ մարդ հստակ տեսլական ունենա իր արտադրանքի մասին։ «Սթիվ Ջոբսը հաճախ էր ասում, որ Apple-ի բոլոր հրաշալի արտադրանքները ստեղծվել են մի մարդու մտքի ուժով։ Ջոբսը տեխնոլոգ չէր, սակայն նա գիտեր ինչպես մեծ ինժեներական միտքը վերածել փողի։ Մեր մյուս ընկերը Մայքլ Սքոթը մեզնից մեծ էր։ Մենք նոր էինք սովորում բիզնես անել։ Մայքն էր ասում թե որը պ ետք է լինեն մեր աշխատանքային պարտավորությունները, ում պետք է վերցնել աշխատանքի և ինչպես նա պետք է աշխատի։ Նա ասում էր թե ինչպես մեր արտադրանքը պետք է աշխատի լավագույնս բավարարելով սպառողների ցանկությունները: Եվ դիզայնն էլ պետք է փայլուն լիներ, որ առաջացներ իղձ»- շարունակում էր պատմել Սթիվ Վոզնյակը։
Սթիվ Վոզնյակը, ցույց տալով իր արտասովոր ժամացույցը, ասաց, որ սիրում է արտասովոր բաներ. «Կյանքում էլ եմ այդպես, սիրում եմ արտասովոր բաներ անել, անել ոչ բոլորի պես»։
Սթիվ Վոզնյակը ստեղծում էր մի բան, որը Սթիվ Ջոբսը դարձնում էր պիտանի և պահանջված։ «Ես ամեն բան ստեղծելիս հավեսով էի գործս անում, իմ համար, հավեսի համար էին անում։ Հետո Ջոբսին էի ցույց տալիս, նա էլ դրանք պիտանի էր դարձնում։ Բոլոր տեխնոլոգիաները կյանքն ավելի հեշտ դարձնելու համար են։ Կգա մի օր, երբ բոլորս կաշխատենք շաբաթը 4 օր, իսկ մնացած ժամանակը կծախսենց վայելքի և սիրելի բաների վրա»,- ասաց նա և փոքր ինչ խոսեց նաև իր ստեղծած առաջին համակարգիչների՝ Apple 1-ի և Apple 2-ի մասին։
«Երկուսն էլ ես եմ նախագծել, Ջոբսն անգամ տեղյակ էլ չէր։ Ավարտել եմ, նոր ցույց տվել։ Apple 2-ն էր, որ իսկապես մատչելի դարձրեց անձնական համակարգիչները, հեղափոխեց համակարգիչները»,-ավելացրեց նա։
Սթիվ Վոզնյակին Հայաստան է հրավիրել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեն՝ շնորհելու նրան Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Կազմակերպչական գործերը նախաձեռնում է Սինոփսիս Արմենիա ընկերությունը, իսկ ֆինանասավորում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։