11 նոյեմբերի 2011 - 14:52 AMT
Համլետ Հարությունյանը վերջին հրաժարականները համարում է սովորական և օբյեկտիվ

Վերջին հրաժարականները սովորական են և օբյեկտիվ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ և «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Համլետ Հարությունյանը:

Նրան զարմացրել է հանրության արձագանքը: «Հանրությունը միշտ փոփոխություններ է պահանջում, սակայն հենց որ նախագահը սկսում է այդ գործընթացը, աղմուկ է բարձրանում թե «այս ի՞նչ է կատարվում»,-ասել է նա:

Ըստ Հարությունյանի, այդ հրաժարականները շատ ճիշտ են ու տեղին, գործընթացը կշարունակվի: Նա հավելել է, որ ով չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր աշխատանքը, կփոխարինվի: Սակայն, միևնույն ժամանակ պատգամավորը շտապել է հավելել, որ դա չի վերաբերում վերջին հրաժարականներին:

Վերջում պատգամավորն ասել է, որ ՀՀԿ-ում տարաձայնություններ չկան:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ: Մինասյանը կդառնա Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը: