
Երևանի նոր քաղաքապետը հայտնի կդառնա արդեն այսօր ժամը 13։00-ին։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց քաղաքապետի դեռևս ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։Սահմանված կարգի համաձայն, քաղաքապետի թեկնածուներին առաջադրում են ավագանու խմբակցությունները. այսպիսով ավագանու ՀՀԿ խմբակցության առաջադրած միակ թեկնածուն Տարոն Մարգարյանն է։
«ՀՀԿ գործադիր մարմինը, ՀՀԿ խորհուրդը և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը երեկ միաձայն որոշում են կայացրել առաջադրել Տարոն Անդրանիկի Մարգարյանի թեկնածությունը»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը։ Նա հույս հայտնեց, որ ԲՀԿ խմբակցությունը նույնպես կպաշտպանի իրենց առաջադրած թեկնածուին։
Ամենայն հավանականությամբ Դումանյանի հույսերը կարդարանան, քանի որ ԲՀԿ-ն թեկնածություն չի առաջադրել և նախապես հայտնել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։
Միակ թեկանածուն իր խոսքում նշեց. «Ավագանու հարգելի անդամներ, ստանալով ձեր քվեն, համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք Երևան քաղաքի և երևանցիների համար ավելի թեթևացնել բեռը և լուծումներ տալ առկա խնդիրներին»։
Քվեարկությունը սկսվելու է ժամը 12։00-ին և տևելու է 30 րոպե։ Քվեարկությունը կլինի փակ, գաղտնի, իսկ արդյունքների մասին խոստանում են հայտնել ժամը 13։00-ին։